Համոզված եմ՝ կշարունակեք ձեր նվիրական ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին. Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին:

Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ մասնագիտական օրվա առթիվ և ընդգծել, որ այս տարի՝ այս օրը, նշում ենք առանձնահատուկ պայմաններում, երբ բոլորս ականատես եղանք հրշեջ փրկարարների հսկայածավալ աշխատանքի, որը նրանք իրականացրեցին և շարունակում են իրականացնել հանրապետության ողջ տարածքով:

«Կարող ենք առանց չափազանցության արձանագրել, որ այս տարի փրկարար ծառայության աշխատողները, արտակարգ իրավիճակների աշխատողները, մեր հրշեջներն իրենց անձնուրաց աշխատանքով կառավարել են այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը և ժողովրդին կանգնեցնել բավականին լուրջ աղետների առաջ: Եվ ես ուզում եմ այսօրվա առիթով ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած անձնուրաց աշխատանքի համար: Ցանկանում եմ հույս, ցանկություն և համոզմունք հայտնել, որ առաջիկայում էլ այդ աշխատանքի մեջ կլինեք նույնքան նվիրված: Այո՛, նոր ժամանակներում, կապված կլիմայական փոփոխությունների հետ, մենք արտակարգ իրավիճակների նոր մարտահրավերների առաջ ենք կանգնում: Եվ կառավարության օրակարգում արտակարգ իրավիճակներին արդյունավետ հակազդելու, արտակարգ իրավիճակներն արդյունավետ կառավարելու հարցը պետք է լինի մշտական ուշադրության կենտրոնում»,- ասել է վարչապետը: